«Թինա Քեյդենաուի նշանակումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնին այնքան էլ լավ ազդանշան չէ»,- Day.Azին հայտնել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը` մեկնաբանելով Մեթյու Բրայզայի խոսքերն այն մասին, որ իրեն մոտ ժամանակներս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի պաշտոնում կփոխարինի Թինա Քեյդենաուն:
«Հնարավոր է, որ ԱՄՆ-ն որոշակի նմանություններ է տեսնում Կոսովոյի եւ Ղարաբաղի իրադրությունների միջեւ»,- գտնում է ադրբեջանցի քաղաքագետը: «Բայց ինձ համար դա այնքան էլ լավ ազդանշան չէ: Որովհետեւ Կոսովոն վերջնական արդյունքում առանձնացավ Սերբիայից: Եթե նման տրամադրվածությամբ այստեղ ուղարկվեն նաեւ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահները, ապա դա ինձ այնքան էլ դուր չի գալիս»,- նշել է Մուսաբեկովը:
Թինա Քեյդենաուն 2008թ. ԱՄՆ դեսպան նշանակվեց Կոսովոյում: Ավելի վաղ նա զբաղեցնում էր ԱՄՆ հատուկ ներկայացուցչի պաշտոնը Պրիշտինում (Կոսովոյի մայրաքաղաքում):





