«Դժվար է խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին, քանի որ կողմերի միջեւ ուժերի ակնհայտ անհավասարություն կա»,- այսօր Երեւանում կայացած «Հայ-թուրքական հարաբերությունները` անցյալն ու ապագան» սեմինարի ժամանակ հայտնել է ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքով, ուժերի անհավասար բաշխումն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ Հայաստանը զիջում է Թուրքիային դիվանագիտության հարցում:
«Հայաստանի դիվանագիտական տկարությունը շատ ուժեղ դրսեւորվեց ապրիլի 23-ին, երբ կողմերը հայտարարեցին ճանապարհային քարտեզի մասին, ինչը դարձավ ոչ միայն հայկական կողմի վրա գործադրվող ճնշման վկայությունը, այլեւ ցույց տվեց Հայաստանի իրական վերաբերմունքը սփյուռքի հանդեպ»,- ասել է Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքով, հայկական իշխանությունները չպետք է թույլ տային, որպեսզի այդ հայտարարությունը հրապարակվեր ապրիլի 24-ի նախօրեին: Ընդ որում, նա նշել է, որ հայկական կողմի գործողությունները բավական վիրավորական եղան սփյուռքի համար:





