«Անցյալ տարի Երեւանում տեղի ունեցած մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման ժամանակ իրադարձություններում դիպուկահարի մասնակցության եւ զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հետ կապված շատ կարեւոր պահ կար»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը:
Ա.Քոչարյանի խոսքով, դիպուկահարը շատ կարեւոր ֆիգուր է զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար, քանի որ նա միակն է, ով կարողացավ տեսնել Տիգրան Աբգարյանին կրակող մարդուն: «Դիպուկահարի ինքնությունը բացահայտելու մասին փաստահավաք խմբի խնդրանքին պաշտոնական պատասխան ստացվեց այն մասին, որ տեղեկատվությունը գաղտնի է եւ չի կարող բացահայտվել»,- նախկին փաստահավաք խմբի անդամը:
Քոչարյանը նաեւ ավելացրել է, որ մինչ օրս դիպուկահարի ինքնությունը գաղտնի պահելու արդյունքում նախնական հետաքննության մարմնի կողմից չի կազմվել անգամ Աբգարյանի ենթադրյալ մարդասպանի ֆոտոռոբոտը:
Անդրանիկ Քոչարյանը նաեւ հաղորդել է, որ փաստահավաք խմբի հետաքննությունը ցույց է տվել, որ Աբգարյանին կրակել են մոտ տարածությունից, ավտոմատ կրակահերթով, ինչի մասին վկայում է փորձաքննության եզրակացությունը: Սակայն, Քոչարյանի խոսքով, փաստահավաք խումբը հաստատել է, որ Աբգարյանի զրահաբաճկոնն ու զրահագլխարկը թաքցվում են, ինչի հետեւանքով փորձագետները չեն կարողանում պարզել, թե որ մասին եւ կոնկրետ ինչ հեռավորությունից են նրան կրակել:





