AM
31 Օգոստոս 2009 - 12:22 AMT

Թուրքերի 48,1 տոկոսը դրական է վերաբերվում քրդական խնդրի լուծմանն ուղղված կառավարության նախաձեռնությանը

Ըստ SETA-ի անցկացրած հարցման արդյունքների, թուրքերի 48,1 տոկոսը դրական է վերաբերվում քրդական խնդրի լուծմանն ուղղված կառավարության նախաձեռնությանը եւ հարցման ենթարկվածների միայն 36,4 տոկոսն է դեմ կառավարության նախաձեռնությանը:

SETA-ի հարցման արդյունքները նաեւ ցույց են տվել, որ մարդիկ սատարում են այնպիսի նախաձեռնություններին, ինչպիսիք են ներդրումների ավելացումը քրդաբնակ շրջաններում, այնտեղ նոր աշխատատեղերի ստեղծումը, քրդական անուններով երեխաների անվանակոչությունը: Բացի այդ, 90 տոկոսն անընդունելի է համարում համաներման տարածումը ՔԱԿ-ի ղեկավարության վրա, նրա առաջնորդ Օջալանի ներումը, երկրի հարավ-արեւելքի մեկուսացումը, որով նախատեսվում է առանձին խորհրդարանի ստեղծում, սեփական ոստիկանության եւ հարկային համակարգի ստեղծում:

Մինչդեռ, A&G գործակալությունը բոլորովին այլ թվեր է ներկայացնում` օգոստոսի 22-ին եւ 23-ին անցկացված հարցումը ցույց տվեց, որ քաղաքացիների 45,6 տոկոսը կողմ է նախաձեռնությանը, 48,4 տոկոսը` դեմ է, հաղորդում է turkishnews.ru-ն:

Արդարության ու զարգացման իշխող կուսակցությունը որոշել է կյանքի կոչել երկրում քրդական խնդրի կարգավորման ծրագիրը («Քրդական նախաձեռնություն»), որով նախատեսվում է ավելի լայն մշակութային իրավունքներ տալ Թուրքիայի հարավ-արեւելքում բնակվող քրդերին: Իր հերթին քուրդ առաջնորդ Աբդուլլա Օջալանը, որը գտնվում է թուրքական բանտում, հանդես է եկել քրդական խնդրի լուծման իր պլանով: