Հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակը` փակ սահմանն ու հարեւան երկրների զրոյական հարաբերությունները, ոչ մի կերպ չեն տեղավորվում 21-րդ դարի տրամաբանության մեջ: Այդ մասին, ելույթ ունենալով ՀՀ Ֆրանսիական համալսարանում «Հայաստանն ու արտաքին աշխարհը» թեմայով, հայտարարել է ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Ավետ Ադոնցը: «Հայաստանի, Թուրքիայի ու Շվեյցարիայի ԱԳՆ համատեղ հայտարարությունը երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման մասին, «ֆուտբոլային դիվանագիտության» հերթական քայլն է, որի նախաձեռնողը Հայաստանն է: Թե ինչ քայլեր կհետեւեն այդ հայտարարությանը դժվար է ասել, սակայն կարեւորագույն սկզբունքներից մեկը, որին պետք է հավատարիմ մնա Հայաստանը, դա արժանապատվության պահպանումն է»,-ասել է հայ դիվանագետը:
Նրա խոսքերով, առաջիկայում Երեւանին որեւէ նախապայման ներկայացնելու Անկարայի ցանկացած փորձ ուղղակի կձախողի գործընթացը: «Ելնելով դրանից, Հայաստանը չպետք է մոռացության մատնի իր անցյալն ու հարգի իր արժանապատվությունը: Երեկվա հայտարարությունը արտացոլում է «ճանապարհային քարտեզի» ժամանակացույցը, որ ձեռք բերվեց Երեւանի ու Անկարայի միջեւ ապրիլի 22-23-ին: Չնայած նրան, որ այդ հայտարարությունն ուշացած է, այնուամենայնիվ, լավ է, որ այն արվել է»,-ասել է Ավետ Ադոնցը:
Մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավուդօղլուի հայտարարությունն այն մասին, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հաշվի կառնի Ադրբեջանի շահերը, հայ դիվանագետը նշել է, որ նման հայտարարությունները բազմիցս են արվել տարբեր թուրք պաշտոնյաների կողմից: «Կարելի է հայտարարել ինչ ասես, սակայն փաստը մնում է փաստ, որ այժմ երկու կողմերի միջեւ փաստաթուղթ կա, որը հստակ ներկայացնում է ձեռքբերված պայմանավորվածությունները»,-հայտարարել է ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչը:





