«Պետք է լրջորեն վերաբերվել ՀՀ եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրություններին, քանի որ այդ փաստաթղթերը արդեն մեկ տարի շարունակվող բանակցությունների արդյունքն են»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Ազգային Ակադեմիային կից Արեւելագիտության Ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Սաֆրաստյանի խոսքով, ստորագրված արձանագրությունները շատ կարեւոր եւ դրակա երեւույթ են Հայաստանի համար, մասնավորապես փաստաթղթից պարզ է դառնում, որ Թուրքիան հրաժարվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել Արցախի հիմնախնդրի հետ, քանի որ դրանում ոչինչ չի ասվում այդ երկու գործընթացների կապակցման մասին:
Հայաստանի համար մեկ այլ կարեւոր պահը, Սաֆրաստյանի կարծիքով, կայանում է նրանում, որ արձանագրություններում չի հիշատակվում «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: «Ելնելով փաստաթղթերի տեքստից` կարելի է ասել, որ Թուրքիան այլեւս Հայաստանից չի պահանջում իր արտաքին քաղաքականության օրակարգից հանել Հայոց ցեղասպանության հարցը սահմանի բացման փոխարեն»,- ընդգծել է Արեւելագիտության Ինստիտուտի տնօրենը:
Սաֆրաստյանը նաեւ նշել է, որ ստորագրված արձանագրությունները չեն երաշխավորում, որ Թուրքիան դրանց հրապարակումից հետո կկատարի դրանք: Նրա խոսքով, դա երկար գործընթաց է, որում հայկական դիվանագիտությունը պետք է պնդի իր դիրքորոշումը եւ միայն այդ դեպքում Հայաստանը կկարողանա հաջողության հասնել:





