AM
3 Սեպտեմբեր 2009 - 14:12 AMT

Հայաստանի իշխանությունները կարող են թույլ տալ ամենամեծ սխալը

Հայաստանի իշխանությունները իրավասու չեն խոսել հայ ժողովրդի փոխարեն` նախօրոք չխորհրդակցելով նրա հետ այս կամ այն հարցերի վերաբերյալ: Հայաստանի նախագահը պետք է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վերաբերյալ երկխոսություն սկսի Սփյուռքի եւ երկրի քաղաքական ուժերի հետ: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին հայտնեց ֆրանսիական լրագրող Ժան Էգիյանը` վկայակոչելով Դաշնակցության արեւմտաեվրոպական բյուրոյի նախագահ Մուրադ Փափազյանի հայտարարությունը:

«Այսօր Հայկական եւ Ղարաբաղի հարցերը վտանգի տակ են: Անկախ Հայաստանի պատմության մեջ իշխանությունները կարող են թույլ տալ ամենամեծ սխալը»,-նշված է Փափազյանի հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ 1915թ. իրադարձությունների ուսումնասիրության կառույցի ստեղծումով բազմաթիվ հայտնի հետազոտողների, գիտնականների եւ մասնագետների կողմից որպես Հայոց ցեղասպանություն ճանաչված փաստը կասկածի տակ է դրվում:

«Սա ծանր հարված է Հայկական հարցին եւ թուրք դիվանագետների հաղթանակն է», -ասված է Դաշնակցության արեւմտաեվրոպական բյուրոյի նախագահի հայտարարության մեջ: Մուրադ Փափազյանի կարծիքով, Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունների հաստատման Արձանագրությունների ստորագրմամբ հայկական ղեկավարությունը հրաժարվում է տարածքային պահանջներից: Փափազյանը կոչ արեց հայ ժողովրդին համախմբվել եւ իր դիրքորոշումը արտահայտել այս հարցի վերաբերյալ: