Չնայած, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններում Ղարաբաղյան հիմնախնդիրը չի նշվում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: «Այդ գործընթացները փոխկապակցված են եւ մոտակա 2-3 ամիսների ընթացքում մենք կտեսնենք գերտերությունների ճնշման ուժեղացումը ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացի վրա»,- ընդգծել է քաղաքագետը:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հրապարակված Արձանագրությունների մասին` Երվանդ Բոզոյանը նշել է, որ դրանք Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ` ապրիլի 23-ին կատարված համատեղ հայտարարության տրամաբանական շարունակությունն են: «Երեւանի ու Անկարայի միջեւ բանակցություններն ընթանում են 2007-ից: Հայաստանը չպետք է նախաձեռներ «ֆուտբոլային դիվանագիտությունը» եւ հրապարակեր այդ բանակցությունների արդյունքները: Թուրքիան գտնում է, որ Հայաստանը խիստ շահագրգռված է սահմանի բացման հարցում, եւ այժմ կարող է օգտագործել այդ հանգամանքը, որպեսզի որքան հնարավոր է շատ բան ստանա Երեւանի կողմից»,- հայտնել է քաղաքագետը:
Քաղաքագետի կարծիքով, Անկարան միաժամանակ իմիտացիոն քաղաքականություն է վարում եւ բավարարում Բաքվի շահերը ղարաբաղյան հիմնախնդրում: «Հետեւաբար, Թուրքիան կարող է Հայաստանի հետ գործընթացը կարգավորել այնքան ժամանակ, մինչեւ որ Ղարաբաղի շուրջ միջնորդները ճնշում կգործադրեն ղարաբաղյան գործընթացի վրա»,- հայտնել է Երվանդ Բոզոյանը:





