AM
4 Սեպտեմբեր 2009 - 17:56 AMT

Ադրբեջանում կգործի հայերենով հեռարձակվող հեռուստաալիք

Ադրբեջանի առաջին միջազգային «ATV International» հեռուստաալիքը, որը հաղորդումներ կհեռարձակի հայերեն լեզվով, կսկսի գործել արդեն այս ամսվա վերջում: Այդ մասին հաղորդել է ATV-ի «Հեբերլյար» բաժնի գլխավոր խմբագիր Վագիֆ Այդինօղլուն:

Ըստ նրա, հեռուստաալիքի համար ձեռք են բերվել նորագույն սարքավորումներ, որոնց տեղադրումը եզրափակիչ փուլում է: «ATV»-ն կհեռարձակվի հինգ լեզուներով: Արդեն մասնագետներ են ընտրվել նորությունները ադրբեջաներեն, ֆարսի, անգլերեն, ռուսերեն եւ հայերեն լեզուներով հեռարձակելու համար: Ալիքը ստեղծվել է քարոզչական նպատակներով:

Ինչ վերաբերում է հայոց լեզվի մասնագետներին, ապա Այդինօղլուն ասել է, թե լեզու իմացողներն իրոք քիչ են եւ դժվար էր հայալեզու կադրեր գտնել: «Բաքվի պետական համալսարանում տարվում է հայոց լեզվի ուսուցում: Սակայն պատրաստություն անցած անձիք, շատ ցածր մակարդակի գիտելիքներ ունեն հայերենից: Ուստի մենք մասնագետներ գտանք ավագ տարիքի մարդկանց շրջանում: Նրանք անցյալում դասավանդել են Երեւանի պետական համալսարանում, աշխատել են հայալեզու թերթերում: Ալիքի մեկ լրատվական թողարկումը կտեւի 12-15 րոպե»,-ասել է Այդինօղլուն, հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը: