ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանը կբացվի սեպտեմբրի 15-ին Նյու Յորքում: Ամենամյա ընդհանուր բանավեճերը, որոնց ժամանակ սովորաբար ելույթ են ունենում պետությունների ու կառավարությունների ղեկավարները, ինչպես նաեւ նախարարներ, կսկսվեն սեպտեմբերի 23-ին եւ կավարտվեն սեպտեմբերի 30-ին:
Ինչպես հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը, 64-րդ նստաշրջանում, որը կտեւի մինչեւ 2010թ, սեպտեմբերի կեսը, տեղի կունենան մի շարք խոշոր միջոցառումներ: 2009թ. սեպտեմբերի 20-ին տեղի կունենա կլիմայի փոփոխության խնդրին նվիրված համաշխարհային գագաթնաժողովը: Սեպտեմբերի 24-ին տեղի կունենա միջոցառում, նվիրված ՄԱԿ-ի Մերձավոր Արեւելքի գործակալության աշխատանքին պաղեստինյան փախստականների հետ եւ նրա ստեղծման 60-ամյակին:
Վեհաժողովում կքննարկվեն հետեւյալ հարցերը` հազարամյակի զարգացման նպատակները, ներառյալ 2010թ. ԳՎ բարձր մակարդակի նիստի նախապատրաստական աշխատանքները, համաշխարհային ֆինանսական ճգնաժամը եւ նրա հետեւանքները, կլիմայի փոփոխությունները, զինաթափումը, ՄԱԿ-ի բարեփոխումը, ներառյալ Անվտանգության խորհրդի բարեփոխումն ու ԳՎ աշխատանքի ակտիվացումը:
ԳՎ 64-րդ նստաշրջանի նախագահ է ընտրվել Ալի Աբդել Սալամ ատ-Տրեյկին Լիբիայից:





