AM
8 Սեպտեմբեր 2009 - 14:06 AMT

Հայաստանի դատախազության համակարգը կհամապատասխանեցվի Եվրամիության չափանիշներին

Հայաստանի դախազության համակարգի բարեփոխումների իրականացման աշխատանքային խումբը սեպտեմբերի 8-ին գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Դատախազության համակարգում բարեփոխումների նպատակը Եվրամիության անդամ երկրներում գործող դատախազական չափանիշների ներդրումն է Հայաստանում եւ պայմանավորված է «Հայաստան-Եվրամիություն» համագործակցության ծրագրով:

Դատախազների անկախությունը, անկողմնակալությունը, վերապատրաստման, վերաորակավորման, նշանակման եւ առաջխաղացման ընթացակարգերն ամրապնդելու առումով Արթուր Բաղդասարյանը կարեւորել է դատախազության համակարգի բարեփոխումների` միջազգային չափանիշներին համապատասխան իրականացումը:

Դատախազության համակարգը Եվրամիության չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով կկատարվեն համապատասխան օրենսդրական փոփոխություններ: Կներդրվի դատավորների եւ դատախազների թեկնածուների, ինչպես նաեւ դատավորների, դատախազների, դատական եւ դատախազական ծառայողների ուսուցման եւ վերապատրաստման միասնական համակարգ:

Նիստում որոշվել է եվրոպական փորձագետների աջակցությամբ մշակել բարեփոխումների ծրագիր եւ սահմանված կարգով ներկայացնել հաստատման, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը: