AM
8 Սեպտեմբեր 2009 - 14:18 AMT

Բեյրութում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանությունն ու միջազգային իրավունքը» միջազգային գիտաժողովը

2009թ. սեպտեմբերի 3-4-ին Բեյրութում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանությունն ու միջազգային իրավունքը» միջազգային գիտաժողովը, կազմակերպված Հայկազյան համալսարանի ու Մերձավոր Արեւելքի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի կողմից: Գիտաժողովի աշխատանքին մասնակցել են պատմաբաններ, միջազգային իրավունքի մասնագետներ Մեծ Բրիտանիայից, Եգիպտոսից, Շվեյցարիայից, Թուրքիայից, Իռլանդիայից, Լիբանանից, Հայաստանից, ԱՄՆ-ից ու Կանադայից, տարբեր ոլորտների շուրջ 100 դասախոսներ, կուսակցկան եւ հոգեւոր գործիչներ, մտավորականության, մամուլի ներկայացուցիչներ, ուսանողներ: Գիտաժողովը անցավ բարձր մակարդակով, քննարկվեցին Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու ուրացմանը վերաբերող հարցեր, թուրքական ազգայնականության դերը ժխտման քաղաքակնության մեջ:

Նիստերի ընթացքում քննարկվել են ոչ պետական միջոցներով Հայկական հարցի լուծման խնդիրները, ինչպես նաեւ Ցեղասպանության զոհերի ունեցվածքի հետ կապված տնտեսական հարցերը: Միջազգային իրավունքի շրջանակներում արծարծվել են Ցեղասպանության հետեւանքների վերացման, վնասի փոխհատուցման եւ մշակութային ժառանգության պահպանման հարցերը: Հատկապես ընդգծվել է հայ-թուրքական անհավասար հարաբերությունների փաստը: