AM
9 Սեպտեմբեր 2009 - 15:04 AMT

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական անդրադարձ կունենա Վրաստանի վրա

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական անդրադարձ կունենա Վրաստանի վրա: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Զարգացման եւ համագործակցության կենտրոնի նախագծերի ղեկավար, վրացի փորձագետ Պաատա Զաքարեշվիլին: «Հարեւան երկրների հարաբերությունների կարգավորումը միայն դրականապես կազդի ամբողջ տարածաշրջանի վրա: Եթե տարածաշրջանում զարգանա համագործակցությունն ու հարեւանությունը, ապա Հարավային Կովկասի հանդեպ միջազգային հանրության վստահությունը կաճի, ինչը կհանգեցնի նոր տարածաշրջանային նախագծերի իրականացմանը»,- նկատել է վրացի քաղաքագետը:

Պաատա Զաքարեշվիլիի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման դեպքում Հայաստանն ավելի ճկուն կդառնա` ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական տեսակետից: «Տարածաշրջանում Հայաստանի դերը, անկասկած, կաճի: Նա կկարողանա տարածաշրջանային խաղացող դառնալ»,- հայտնել է վրացի քաղաքագետը: