«Թուրքիայի հետ ներկայիս սահմանների փոխադարձ ճանաչման մասին Հայաստանի քայլը` հիմնված միջազգային պայմանագրերի վրա, ամենեւին էլ չի նշանակում, որ ապագայում հայերը հրաժարվելու են Թուրքիայի նկատմամբ իրենց պահանջներից»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Լրագրողների հարցին այն մասին, թե ինչու է այդ դեպքում Հայաստանը նման քայլի գնում հիմա, նա պատասխանել է, որ Հայաստանը հարաբերությունների կարգավորման է գնում եւ նախապայմաններ չի առաջադրում, որովհետեւ ի սկզբանե կողմերը պայմանավորվել են հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորել: «Եթե մենք հիմա նախապայմաններ դնենք, ապա ոչ մի արդյունքի չենք հասնի, եւ կրկին Թուրքիայի հետ խնդիրների մասին կխոսենք միջազգային կառույցների ամբիոններից»,- ընդգծել է Ավետիսյանը:





