ՀՅԴ Դաշնակցությունը երբեք չի եղել դեմ հայ – թուրքական հարաբերությունների կարգավորմանը առանց նախապայմանների: Սակայն Դաշնակցությունը գտնում է, որ հարեւան երկրի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից եւ նրա հետեւանքների վերացումից հետո: Դրա մասին Երեւանում հայտարարեց ՀՅԴ Դաշնակցության բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը: «Դաշնակցությունը չի հանդիսանում հակաթուրքական կուսակցություն», – հստակեցրեց Աղվան Վարդանյանը:
Նա ուշադրություն դարձրեց այն բանին, որ օգոստոսի 31-ին Երեւանը եւ Անկարան տարածել են մի հայտարարություն, համաձայն որի յուրաքանչյուր երկրում պետք է անցկացվեն «ներքաղաքական խորհրդակցություններ», որոնք կապված են հարաբերությունների կարգավորման հետ: «Հայաստանում նման խորհրդակցություններ չեն անցկացվում: Մամլո ասուլիսները, քաղաքագետների եւ մասնագետների հայտարարությունները հեռու են քաղաքական խորհրդակցություններ կոչվելուց: Խորհրդակցություններ կարելի է համարել խորհրդարանական լսումները, քաղաքական ուժերի միջեւ բանավեճերը: Համեմատած Հայաստանի հետ` Թուրքիայում դրանք արդեն իրականացվում են», – նշեց Վարդանյանը:
Աղվան Վարդանյանն անհանգստություն հայտնեց այն հարցի շուրջ, որ շատերը ընկալում են Արձանագրությունները, որպես կատարյալ փաստաթղթեր եւ չեն գիտակցում, թե ինչպիսի սպառնալիքներ կան դրանց մեջ: Մեկնաբանելով իշխող Հանրապետական Կուսակցության ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, որ ՀՅԴ Դաշնակցությանը տեղեկացվել էր Հայաստանի Ազգային Անվտանգության կոնցեպցիաների մասին, որում ասվում է, հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, ՀՅԴ Դաշնակցության Բյուրոյի անդամը հիշեցրեց, որ հենց այդ նույն կոնցեպցիայում նշվում է, որ Հայաստանը պետք է հետեւողական լինի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում: «Եթե Ազգային անվտանգության կոնցեպցիայի այդ կետն այսօր գործում է, ապա ԱԳՆ ղեկավարը պետք է հանդես գա հայտարարությամբ, որ չնայած Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին` միջազգային հանրությունը եւ Թուրքիան մասնավորապես, պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Միայն այս դեպքում մենք կհամոզվենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կանգնեցված չէ եւ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների է ընթանում», – հայտարարեց Աղվան Վարդանյանը:
Վարդանյանը նշեց, որ Արձանագրություններում ամրագրված չէ, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների: «Նման բան չի եղել ոչ’ ապրիլի 22-23 ի հայտարարության մեջ, ո’չ էլ ներկայիս փաստաթղթերում: Մինչդեռ թուրքական կողմը բարձրաձայն հայտարարում է այն մասին, որ գործընթացում հաշվի կառնվեն Բաքվի շահերը», – նշեց Աղվան Վարդանյանը:





