AM
14 Սեպտեմբեր 2009 - 11:57 AMT

Արա Պապյան. Հայ-թուրքական արձանագրություններում բազում թերություններ կան

«Ես արդեն առիթ ունեցել եմ գրելու, որ հայ-թուրքական արձանագրությունները սխալաշատ եւ թերի փաստաթղեր են»,-հայտարարել է Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար, պատմաբան եւ դիվանագետ Արա Պապյանը: Նրա խոսքերով, ամեն ընթերցելիս մի նոր թերություն է ի հայտ գալիս: Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության տասերորդ կետը նախատեսում է «դիվանագիտական առաքելությունների փոխանակում» (to exchange Diplomatic Missions). «Առերես անշառ ձեւակերպում է: Սակայն մասնագիտական քննությունը ցույց է տալիս, որ այն հղի է հետագա լրջագույն բարդություններով: Սույն ձեւակերպումը չի հստակեցնում, թե այդ առաքելությունները ի՞նչ մակարդակի պետք է լինեն: Այս անորոշությունը, ցանկության դեպքում, հնարավորություն կտա Թուրքիային de jure հաստատելով դիվանագիտական հարաբերություններ, de facto դրա արդյունավետությունը մոտեցնել զրոյի: Մենք հո՞ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չենք հաստատում, որ Եր-անի կենտրոնում ծածանվի թուրքական դրոշը: Մենք դա անում ենք, որպեսզի երկու երկրներն ունենան հնարավորություն առկա խնդիրները միմյանց պաշտոնապես ներկայացնելու եւ գործնական լուծումներ տալու համար: Արձանագրության մեջ չհստակեցնելով դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը, մենք այդ գործընթացն էապես սահմանափակելու հնարավորություն ենք տալիս: Օրինակ, Թուրքիան կարող է «դիվանագիտական առաքելություն» բացել Երեւանում եւ հավատարմատար նշանակել մի երրորդ քարտուղարի: Այս պարագային մենք Երեւանում կունենանք դիվանագիտական փոստի թուրքական ընդունման կետ միայն: Մի-նույն ժամանակ Թուրքիան հավատարմագրելով հայ դիվանագետների Անկարայում, կարող է մերժել Հայաստանի Հանրապետության դեսպանի հավատարմագրումը, պատճառաբանելով, որ նման բան չի նախատեսված արձանագրությամբ»,-ասել է դիվանագետը:

«Տեսնենք ի՞նչ նախադեպեր ունենք այս հարցում: Օրինակ, Ուկրաինայի հետ Թուրքիայի դիվանագիտական հարաբերություններ հաստատող արձանագրությունը [3 փետրվարի 1992թ.] ամրագրում է» փոխանակել դիվանագիտական առաքելություններ դեսպանությունների մակարդակով« (to exchange diplomatic missions at the level of embassies): Այսինքն, ստեղծվում է իրավական հիմք եւ պարտավորություն արտակարգ եւ լիազոր դեսպանների հավատագրման համար, քանի որ երկկողմ հարաբերություններում» դեսպանի կողմից գլխավորվող դիվանագիտական առաքելությունն է կոչվում դեսպանություն»,-ասել է Պապյանը:

«Ամերիկայի հետ հարաբերություններում թուրքերն ավելի առաջ են գնացել: Երբ 1927թ. փետրվարի 17-ին, նոտաների փոխանակման ճանապարհով, ԱՄՆ եւ Թուրքիան հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ, ապա նաեւ պարտավորվեցին «հնարավորինս արագ ձեռնամուխ լինել դեսպանների նշանակմանը: (to proceed to the appointment of Ambassadors as soon as possible.) Սա բխում էր Թուրքիայի շահերից, քանի որ Սենատում թուրք-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ընդդիմացող մեծաթիվ խումբ կար: Այսինքն, Թուրքիան հեռու էր նայում եւ նման ձեւակերպմամաբ իրեն ապահովագրեց, որ ապագայում Սենատը չկարողանա մերժել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկանածությունը, ինչպես նաեւ առարկել Թուրքիայի դեսպանի ժամանմանը Վաշինգտոն:

Եթե դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրությունը կնքվելու լիներ մեկ այլ երկրի հետ, գուցե- այդքան անհանգստանալու կարիք չէր լինի: Սակայն Թուրքիայի հետ պատմական փորձը մեզ մղում է հնարավորինս հաշվենկատ եւ հեռատես լինելու»,-ասել է Արա Պապյանը: