Վրաստանում 2015թ-ին կհայտնվեն ամերիկյան ռազմակայաններ: Այս մասին երեքշաբթի հղում կատարելով բարձրաստիճան տեղեկացվածություն ունեցող աղբյուրին` հաղորդել է թբիլիսյան «Ռեզոնանսի» թերթը: Վրացական թերթի հաղորդած տվյալներով` ծրագիրն այս երկուշաբթի քննարկվել է Նյու-Յորքում` պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի եւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիյի միջեւ, ով ԱՄՆ է ժամանել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 64-րդ նստաշրջանին մասնակցելու համար:
2015թ-ին Վրաստանում ամերիկյան ռազմակայանների տեղակայումը լոբբինգ է արվում Հանրապետական կուսակցության կոնգրեսմենների խմբի կողմից, իսկ ծրագրի մշակումը Պենտագոնում ղեկավարում է անձամբ ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին: Փաստաթուղթը ամբողջական տեսք կունենա 2010թ-ին եւ մեկ տարի անց կներկայացվի Կոնգրեսի քննարկմանը: Եթե այն հաստատեն, իսկ վրացական կողմի հետ հաստատվի համաձայնություն, ինչում այսօրվա դրությամբ կասկածել հարկավոր չէ, ապա արդեն 2014-2015 թվականներին ռազմակայանների շինարարությունը կավարտվի եւ Վրաստանում կկարողանան ծառայել մինչեւ 25 000 ամերիկյան զինվորականներ:
Նախնական տեկեկատվության համաձայն` նախագծով նախատեսվում է երկու ցամաքային եւ մեկ ծովային ռազմակայանների տեղակայում: Ճիշտ այնքան, որքան ունի Ռուսաստանը Աբխազիայում: Պաշտոնական Թբիլիսին այս հրապարակումը դեռ չի մեկնաբանում:





