AM
24 Սեպտեմբեր 2009 - 17:35 AMT

ՀՀ նախագահը մտադիր է լսել Սփյուռքի կարծիքը հայ – թուրքական արձանագրությունների վերաբերյալ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են պետության եւ եկեղեցու միջեւ հարաբերությունները, ինչպես նաեւ հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման գարծընթացը:

Նախագահի խոսքերով` երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը թեւակոխել է հասարակական-քաղաքական քննարկումների փուլ: Սերժ Սարգսյանը նաեւ նշեց, որ տվյալ քննարկումները չափազանց դրական գործոն են հանդիսանում: «Անկախ այն բանից կստորագրվեն հայ – թուրքական արձանագրությունները, թե ոչ, դրանք լավ հարթակ են մեր հարաբերությունների եւ խնդիրների մասին խոսելու համար: Իհարկե, դրանցում կան հուզական երեւույթներ ու տարրեր եւ այլ կերպ լինել չի էլ կարող, քանի որ մեր ժողովրդի մի հսկայական հատված հանդիսանում է ցեղասպանության ենթարկված մարդկանց սերունդ: Բացի այդ, սահմանից այն կողմ մեր սրբություններն են, մեր եկեղեցիներն են, մեր Մայրաքաղաքն է, իսկ շատ շատերի` նաեւ պապենական տների մնացորդները», – ասաց պետության ղեկավարը:

Սերժ Սարգսյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին տեղեկացրեց, որ հոկտեմբերի 1-ից մեկշաբաթյա այցելությունների շարք է սկսելու Փարիզի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Բեյրութի ու Դոնի Ռոստովի հայկական մեծ գաղթօջախներ` լսելու Սփյուռքի կարծիքը հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ: Իր հերթին Գարեգին Բ-ն ողջունել է նախագահի նախաձեռնությունը եւ հայտարարել, որ Սփյուռքը հանդիսանում է հայ ժողովրդի ամենակարեւոր եւ անբաժանելի մասը: