ԵԱՀԿ-ի դիտարկումը Հայաստանի Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանի վրա անցավ առանց միջադեպերի: Դիտարկման ընթացքում հայկական կողմը դիմեց ադրբեջականին մերձսահմանային գյուղերի գյուղապետներին հանդիպման առաջարկությամբ, սակայն հակառակ կողմը հրաժարվեց հանդիպումից, բացատրելով դա Բաքվի կողմից թույլատվության բացակայությամբ: «Ես ոչինչ չեմ որոշում, մինչեւ չլինի բարձրաստիճան մարմինների պաշտոնական կարգադրությունը»,- հայտարարեց Ադրբեջանի ԶՈՒ 707 բրիգադի հրամանատար, գնդապետ Աբասովը: Հայկական եւ ադրբեջանական դիրքերը գտնվում են 1200 մետրի հեռավորության վրա:
Ինչ վերաբերվում է ռազմագերիների փոխանակմանը, ապա ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի ներկայացուցիչ փոխգնդապետ Սամվել Ասատրյանի խոսքերով այժմ ադրբեջանական գերության մեջ գտնվում են Հայաստանի վեց զինվորական: «Մենք բանակցություններ ենք տանում միջազգային կազմակերպությունների հետ զինվորականների վերադարձի մասին, սակայն հստակ պայմանավորվածություններ դեռեւս չկան», – ասաց Ասատրյանը, պատասխանելով PanARMENIAN.NET-ի թղթակցի հարցին:





