AM
29 Սեպտեմբեր 2009 - 12:00 AMT

Հայ-թուրքական Արձանագրությունները կստորագրվեն մինչեւ հոկտեմբերի 14-ը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները կստորագրվեն մինչեւ հոկտեմբերի 14-ը, եթե ֆորս-մաժորային իրադարձություններ տեղի չունենան: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Պարզ է մի բան. Արձանագրությունները ստորագրվելու են մինչեւ հոկտեմբերի 14-ը, եւ տրամաբանական է, որ դա տեղի է ունենալու Շվեյցարիայում»,- նշել է քաղաքագետը:

Նրա խոսքով, Հայաստանում եւ Սփյուռքում այդ Արձանագրությունների շուրջ քննարկումները շատ կտրուկ ու բուռն են եղել, եւ դա նկատվել է երկրի ինչպես քաղաքական վերնախավի մոտ, այնպես էլ հասարակական մակարդակով: Բայց, չնայած այդ հանգամանքին, Ալեքսանդր Իսկանդարյանը նկատել է, որ այդ քննարկումները դժվար թե կազդեն Արձանագրությունների ստորագրման վրա:

Խոսելով հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման մասին` քաղաքագետը նկատել է, որ թուրքական խորհրդարանում այդ փաստաթղթերի վավերացումը երկարաձգելու հավանականությունը բավական մեծ է: «Հայկական խորհրդարանում դժվար թե ամեն ինչ այնպես հարթ կընթանա, ինչպես բոլորն են կարծում»,- հայտնել է Ալեքսանդր Իսկանդարյանը` ավելացնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմնական ռիսկերն, այնուամենայնիվ, Թուրքիայի վրա են: