Ինչպես Հայաստանում, այնպես էլ հայկական Սփյուռքում, չկա միասնական մոտեցում հայ – թուրքական արձանագրությունների նկատմամբ: Այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին հայտարարեց Սոցիալ – Դեմոկրատական Հնչակյան կուսակցության նախագահ, Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր Եղիա Ջերեջյանը:
«Շատերը եւ’ Հայաստանում, եւ’ Սփյուռքում, անհանգստացած են նրանով, որ այդ արձանագրությունների ստորագրումը կլինի միայն ի վնաս մեր շահերի: Նման անհանգստությունը պայմանավորված է Հայաստանի իշխանությունների նկատմամբ առկա անվստահությամբ», – նշեց Հնչակյան կուսակցության անդամը:
Նա ընդգծեց, որ այսօր ոչ մի տնտեսագետ օբյեկտիվ գնահատական չի տալիս հայ – թուրքական սահմանի հնարավոր բացմանը:
«Մեզ համար պարզ է մի բան. մենք դեմ ենք այդ արձանագրությունների ստորագրմանը, եթե դրանք ենթադրում են զիջումներ Հայաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախյան հիմնահարցի կարգավորման հարցերում: Մենք նաեւ պատրաստ չենք հրաժարվել Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից», – հայտարարեց Եղիա Ջերեջյանը:
Նա նաեւ հավելեց, որ Լիբանանի հայ համայնքի հետ Հայաստանի նախագահի հանդիպման ընթացքում նրանք կներկայացնեն իրենց մտավախություններ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը բացատրություններ կտա որոշ հարցերին, որոնք կապված են հայ – թուրքական հարաբերությունների հետ:





