AM
29 Սեպտեմբեր 2009 - 13:16 AMT

Հիլարի Քլինթոնի հայտարարությունը Ղարաբաղի ստատուս-քվոյի մասին նպատակ էր հետապնդում հանգստացնել Բաքվին

ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր վերջերս կատարած հայտարարությամբ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոն չի բավարարում Վաշինգտոնին, ցանկանում էր ասել, որ անհրաժեշտ է շարունակել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ջանքերը: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների հնարավոր ստորագրումը նյարդային արձագանք է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում եւ Ադրբեջանում: Այդ հայտարարությամբ Քլինթոնը նպատակ էր հետապնդում հանգստացնել Բաքվին` ընդգծելով, որ Վաշինգտոնը ջանքեր կգործադրի այդ հակամարտության լուծման համար»,- նշել է քաղաքագետը:

Մեկնաբանելով թուրք վարչապետի հայտարարություններն այն մասին, որ Անկարան հաշվի է առնելու Բաքվի կարծիքը, Ալեքսանդր Իսկանդարյանը նկատել է, որ թուրք քաղաքական գործիչները ստիպված են աշխատել մի քանի լսարանների համար: «Էրդողանը Մովսես մարգարեն չէ, եւ նրա խոսքերին չարժե վերաբերվել, ինչպես Աստվածաշնչին»,- հայտնել է քաղաքագետը: