Հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի նախաձեռնությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանինն է, երբ անցյալ տարի նա հրավիրեց Թուրքիայի նախագահին ֆուտբոլային խաղին: Այս մասին խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով պատգամավորների այն հարցին, թե ով է հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի նախաձեռնողը:
Նախարարը նշեց, որ այս գործընթացի սկզբից հայկական կողմը բազմիցս նշել է, որ Թուրքիայի կողմից նախապայմաններն անընդունելի են: «Մենք այն ժամանակ հարց էինք դրել, որ եթե թուրքական կողմը հույս ունի, որ մենք կընդունենք նախապայմաններ, ապա ավելի լավ է չսկսել հարաբերությունների կարգավորման գործընթացը», – ասաց Նալբանդյանը:
Պատասխանելով պատգամավորների այն հարցին, թե պետք է արդյոք հրաժարվել Կարսի պայմանագրից եւ չճանաչել ժամանակակից Թուրքիայի սահմանները, ԱԳՆ ղեկավարը նշեց, որ այսօրվա հայ – թուրքական սահմանը որոշված է թուրք – խորհրդային պայմանագրով եւ ՀՀ-ն որպես ՀԽՍՀ իրավահաջորդ իր վրա է վերցրել պարտավորություն հարգել բոլոր այն համաձայնագրերը, որոնք ԽՍՀՄ-ն կնքել է այլ երկրների հետ:





