Գերմանիայի Հայ ակադեմիականների միության (ՀԱՄ) վարչությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացի եւ հայ-թուրքական նախաստորագրված Արձանագրությունների առիթով կազմակերպեց քննարկում, որին մասնակցում էին նաեւ Գերմանիա աշխատանքի ժամանած ՀՀ նորանշանակ դեսպան Արմեն Մարտիրոսյանը, ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Համբարձում Մինասյանը եւ Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Գայանե Ափինյանը:
Քննարկմանը մասնակցեցին երեք սփյուռքյան ներկայացուցիչներ` Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Շավարշ Հովասափյանը, Եվրոպայի «Հայ դատի» բրյուսելյան գրասենյակի Գերմանիայի ներկայացուցիչ Անդրանիկ Ազնավուրը եւ գերմանահայ համայնքի փորձառու գործիչ Րաֆֆի Պետիկյանը: Քննարկումը վարում էրՀԱՄ-ի նախագահ Ազատ Օրդուխանյանը: Հապճեպ կազմակերպված բավականին ներկայացուցչական ծրագրին ներկա էին 90 մասնակիցներ:
Քննարկմանը մասնակցող բանախոսները ու ներկաները ներկայացրին հայ-թուրքական հարաբերությունների բեկումնային զարգացումների մասին իրենց կազմակերպությունների ու հայոց երկու հանրապետությունների պաշտոնական տեսակետները, հաղորդում է Հայ ակադեմիականների միության վարչությունը:





