AM
10 Հոկտեմբեր 2009 - 19:20 AMT

Ցյուրիխում ստորագրվել են Հայ-թուրքական արձանագրությունները

Այսօր Ցյուրիխում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավուդօղլուն ստորագրել են օգոստոսի 31-ին նախաստորագրված Արձանագրությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին:

Ինչպես Ցյուրիխից հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ցյուրիխի համալսարանում: Արձանագրությունները ստորագրվել են Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար Միշել Քալմի Ռեյի ներկայությամբ: Շվեյցարիան հանդես է գալիս որպես միջնորդ երկիր Հայաստանի ու Թուրքիայի միջեւ:

Ստորագրմանը ներկա էին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ֆրանսիայի ու Ռուսաստանի արտգործնախարարներ Բերնար Քուշներն ու Սերգեյ Լավրովը, ինչպես նաեւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան:

Արձանագրությունները ստորագրվել են Շվեյցարիայում Հայաստանի եւ Թուրքիայի դեսպաններ Շառլ Ազնավուրի եւ Օգուզ Դեմիրալփի ներկայությամբ: