AM
14 Հոկտեմբեր 2009 - 14:22 AMT

Ադրբեջանական կուսակցությունն առաջարկում է ժամանակավորապես հետ կանչել Ադրբեջանի դեսպանին Թուրքիայից

Ադրբեջանի Ժողովրդա-սոցիալիստական կուսակցությունը (ԺՍԿ) հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման առիթով քննարկումներ անցկացնելու մասին առաջարկ է ուղարկել Միլլի Մեջլիս: Կուսակցությունն առաջարկում է ժամանակավորապես հետ կանչել Ադրբեջանի դեսպանին Թուրքիայից եւ վերանայել երկրի մասնակցությունը Անկարայի մասնակցությամբ միջազգային նախագծերին:

«Եթե Հայաստանի հետ սահմանը բացվի նախքան ադրբեջանական հողերի ազատագրումը, ապա դրանով Անկարան Ադրբեջանի մեջքին հարված կհասցնի»,- հայտնել է կուսակցության առաջնորդ Ռովշան Գուսեյնովը: «Պաշտոնական Բաքուն պետք է դադարեցնի Թուրքիայի իշխանությունների դավաճանական քայլերը, որոնք հակասում են Ադրբեջանի շահերին»,- ասել է նա:

Գուսեյնովը նաեւ ասել է, որ իր մոտ եղած տվյալների համաձայն թուրքական իշխանությունները բանակցություններ են վարում ընդդիմության հետ, որպեսզի նրանց համաձայնությունը ստանան հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման համար: «Մենք թուրք ժողովրդի հետ խնդիրներ չունենք, մենք հանդես ենք Թուրքիայի իշխանությունների դեմ, որոնք Ադրբեջանին դավաճանելու ուղին են բռնել»,- ասել է կուսակցության առաջնորդը:

Գուսեյնովի կարծիքով, Արձանագրությունների ստորագրումը շահեկան չէր ոչ Ադրբեջանին, ոչ էլ Հայաստանին, որը դրանով իսկ կորցրեց այնպիսի դաշնակցի, ինչպիսին Ռուսաստանն է: Շահեց միայն Թուրքիան, գտնում է կուսակցության ղեկավարը, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը: