Ղարաբաղյան հակամարտությունը դժվար թե մոտ ապագայում լուծում ստանա: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Conciliation resources կազմակերպության Կովկասի ծրագրերի մենեջեր Լորենս Բրոերսը: «Այսօր Երեւանի եւ Բաքվի դիրքորոշումները Ղարաբաղի հարցում մինչեւ հիմա բավականին հեռու են եւ դա նկատվում է ոչ միայն քաղաքական վերնախավի մակարդակով: Նույն խնդիրը գոյություն ունի երկու երկրների հասարակություններում: Երբ ես լինում եմ Ադրբեջանում, հետո Ղարաբաղում ես տեսնում եմ այդ տեսակետների տարբերությունը», – ասել է փորձագետը:
Նա նաեւ նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը դժվար է սառեցված համարել: « Այսօր կողմերը ընթանում են այդ խնդրի լուծման ուղով: Սակայն, հաշվի առնելով հայ-թուրքական երկխոսության ակտիվ զարգացումը, Սերժ Սարգսյանը չի դիմի ռիսկի եւ չի ձեռնարկի քայլեր միաժամանակ եւ հայ-թուրքական եւ ղարաբաղյան գործընթացներում», – ընդգծել է նա: Բրոերսը չբացառաեց, որ 2010 թ-ին կողմերին կհաջողվի հասնել շրջանակային համաձայնության Ղարաբաղի վերաբերյալ, սակայն այդ փաստաթուղթը կլինի ընդամենը ընդհանուր շրջանակային համաձայնություն, եւ ոչ թե լիարժեք պայմանագիր:





