AM
19 Հոկտեմբեր 2009 - 14:18 AMT

Ադրբեջանի Խորհրդարանը կքննարկի հայ – թուրքական արձանագրությունները

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը քննարկման կդնի հայ – թուրքական արձանագրությունները: «Ես եւ իմ պատգամավոր գործընկերները վերադառնալով Թուրքիայից կներկայացնենք առաջարկություն այն հարցի շուրջ, որն այժմ անհրաժեշտ է ձեռնարկել, որպեսզի տվյալ արձանագրությունները չդրվեն քննարկման Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի կողմից», – ասաց պատգամավոր, անվտանգության եւ պաշտպանության հարցերով խորհրդարանական կոմիտեի անդամ Զահիդ Օրուջը:

Օրուջի խոսքերով, կլինի Թուրքիայի խորհրդարանին ուղերց, թե ոչ, կախված է քննարկումներից:
«Ադրբեջանական կողմը կձեռնարկի որոշակի դիվանագիտական քայլեր: Ես գտնում եմ, որ կարելի է օգտվել ճնշման տարբեր լծակներից», – ասել է Օրուջը: Դրա հետ մեկտեղ, նա ընդգծել է,որ ոչ միայն հայ – թուրքական հարաբերությունները վերականգնող քաղաքականությունն է պետք քննարկել, այլեւ դրա հետ կապված գործընթացները:

«Մենք պետք է կողմնորոշվենք, թե Ադրբեջանը ինչ ձեռք կբերի եւ ինչ կկորցնի այդ գործընթացների արդյունքում, քանի որ ուժերի հարաբերակցության փոփոխությունը տարածաշրջանում մեծ նշանակություն ունի ապագա Ադրբեջանի հարցում: Խորհրդարանը, որը հանդիսանում է Բաքվի օրենսդիր մարմինը, պետք է այս հարցերի շուրջ կարծիքների փոխանակում անցկացնի», – ասել է կոմիտեի անդամը: Այս մասին հաղորդում է Trend News գործակալությունը: