AM
19 Հոկտեմբեր 2009 - 17:08 AMT

Արամ Առաջինն ու Բաշար Ալ-Ասադը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ: Հանդիպման ընթացքում, որը մեկ ժամից ավել է տեւել, կողմերը քննարկել են մի շարք հարցեր: Արամ Առաջինը շնորհակալություն է հայտնել Սիրիայի նախագահին հայ համայնքի հանդեպ ուշադրություն համար: Բաշար Ալ-Ասադն իր հերթին ընդգծել է սիրիահայերի դրական դերը երկրի հասարակական եւ տնտեսական զարգացման գործում:

Կաթողիկոսն ու Սիրիայի նախագահը քննարկել են նաեւ իրավիճակը Լիբանանում ու Մերձավոր Արեւելքում: Կողմերն ընդգծել են երկխոսության խորացման անհրաժեշտությունը քրիստոնյա ու իսլամական աշխարհների միջեւ:

Զրուցակիցները հանդիպմանը անդրադարձել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու Արձանագրությունների ստորագրմանը: Կաթողիկոսն առանձնապես կարեւորել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, հաղորդում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի մամլո ծառայությունը: