AM
21 Հոկտեմբեր 2009 - 10:42 AMT

ՀԱՊԿ փորձագետները խորհրդակցություններ կանցկացնեն Մոսկվայում

Հոկտեմբերի 22-23-ին Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբում տեղի կունենան ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների փորձագետների խորհրդակցությունը` այն փաստաթղթերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որոնք կանոնակարգում են հավաքական անվտանգության համակարգի միջոցների եւ ուժերի ձեւավորումն ու գործունեությունը: Դա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ անհրաժեշտ է հաշվի առնել ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի համալրման, կիրառության, կառավարման եւ համակողմանի ապահովման առանձնահատկությունները:

«Փորձագետները կքննարակեն ուժերի կազմավորման եւ գործունեության կարգի, նրանց կարգավիճակի, հավաքական որոշումների ընդունման եւ իրականացման կարգի մասին փաստաթղթերի նախագծերը: Առանձին կքննարկվի նաեւ ՀԱՊԿ ԱԱՀՈւ-ի զինման հարցը ժամանակակից եւ համատեղելի զենքով, ռազմական եւ հատուկ տեխնիկայով»,-ասել են ՀԱՊԿ Քարտուղարությունում: Խորհրդակցություններին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների փորձագետները, հաղորդում է ՀՀ-ում ՀԱՊԿ ազգային ներկայացուցչությունը: