ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը եւ հանրապետական կուսակցությունից կոնգրեսական Ֆրենկ Լո Բիոնդոն միացել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի իրենց գործընկերներին եւ կոչ են արել Սենատին եւ Պալատի Հատկացումների կոմիտեին պահպանել Հայաստանին հատկացվող օգնության ծավալը` 48 մլն դոլար, ինչպես նաեւ ավելացնել Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնության ծավալը: Կոնգրեսականները նաեւ կոչ են արել պահպանել ռազմական օգնության հավասարությունը, որ հատկացվում է Հայաստանին ու Ադրբեջանին 2010թ. ֆինանսական տարվա համար: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) հայտարարության մեջ:
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսականներին Կոնգրեսի Արտաքին հատկացումների ենթակոմիտեի անդամների հետ կատարած աշխատանքի համար եւ մեր երախտագիտությունը հայտնել մեր բարեկամներին այն ջանքերի համար, որ իրենք գործադրում են 2010թ. արտաքին օգնության ֆինանսական տարվա օրինագծում հայանպաստ կետերը պահպանելու համար»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նա հույս է հայտնել, որ հատկացումների կոմիտեն կհաստատի օգնությունը Հայաստանին ու ԼՂՀ-ին, հավանություն կտա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայաստանին ու Ադրբեջանին հատկացվելիք ռազմական օգնության հավասարությունը պահպանելու մասին որոշմանը, ինչպես նաեւ կսատարի Ազատության ակտի 907–րդ ուղղման պահպանմանը:
Հոկտեմբերի 26-ին Ներկայացուցիչների պալատի անդամները նամակ են հղել նախագահին ու արտաքին օգնության ենթակոմիտեի անդամներին, որտեղ իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին շուրջ 3,45 մլն ռազմական օգնության տրամադրմանը: «Ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանի աջակցությունը եւ նրա ուժերի տեղակայումը Իրաքում ու Կոսովոյում կարեւորագույն նշանակություն ունեն ԱՄՆ շահերի համար: Հայաստանը ձեռնամուխ է եղել Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության Գործողությունների ծրագրի իրականացմանը եւ սերտորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ»,-ասվում է նամակում:





