Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնի Արձանագրությունները մինչեւ հայկական կողմը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում չգնա զիջումների: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:
«Վերջերս Թուրքիայի ԱԳ նախարարը հստակ հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը փոխկապակցված են ղարաբաղյան հիմնահարցի հետ: Տվյալ դեպքում, մենք պետք է որպես հիմք վերցնենք Թուրքիայի հայտարարությունները, քանի որ Թուրքիան է ընդունելու սահմանի բացման որոշումը», – ասել է փորձագետը: Նրա խոսքերով, Անկարային հաջողվել է ղարաբաղյան հարցը բարձրացնել միջազգային ասպարեզում եւ դարձնել այդ խնդիրը համարժեք արաբ-իսրայելական հակամարտությանն:
«Եթե առաջ միջազգային խաղացողների ճնշման կենտրոնում Թուրքիան էր, որից պահանջում էին Հայաստանի հետ սահմանի բացումը, ապա հիմա այդ դրությունը փոխվել է 180 աստիճանով: Աշխարհի ուշադրության կենտրոնում Ղարաբաղն է: Անկարան հայտարարել է, որ պատրաստ է բացել սահմանը, սակայն դրա փոխարեն առաջարկել է լուծել բոլոր տարածաշրջանային հակամարտությունները փաթեթային տարբերակով, ինչի հետ համաձայն է ԱՄՆ-ն, ԵՄ-ը եւ Ռուսաստանը», – ընդգծել է Թեւանյանը: Նրա կարծիքով, ներկա պայմաններում Հայաստանի իշխանությունները պետք է կոշտացնեն իրենց դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, ինչը Անկարայի հանդեպ անուղղակի ճնշման գործոն կդառնա այդ հարցի շուրջ:





