«Ֆուտբոլային դիվանագիտությունը» նախաձեռնեց Հայաստանի նախագահը, եւ սկզբից էլ կորցրեց վերահսկողությունն այդ դիվանագիտության արդյունքում առաջացած գործընթացների հանդեպ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը: «Ներկայումս գնդակը Թուրքիայի մոտ է, սակայն ամբողջ խնդիրը նրանում է, որ Հայաստանը «խաղից դուրս է» գտնվում: Ս.Սարգսյանն իր առջեւ խնդիր է դրել հասնել Թուրքիայի հետ սահմանի բացմանն ու Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, սակայն, ինչպես տեսնում ենք, այսօր Հայաստանը չի հասել ոչ մեկին, ոչ մյուսին»,-ասել է Թեւանյանը:
Նրա խոսքերով, ստորագրելով Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները, Թուրքիան շատ բան ստացավ` կասեցրեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, ամրագրեց ներկայիս սահմանները Հայաստանի հետ, նեգրավվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորաման գործընթացում: «Այն դեպքում, երբ մենք ոչինչ չստացանք, եւ ես վստահ եմ, որ հայ-թուրքական հարաբերություններն ավելի կվատանան ֆուտբոլային դիվանագիտությունից հետո, քան կբարելավվեն: Դա արդեն իսկ տեղի է ունենում»,-ասել է Թեւանյանը: Նրա խոսքերով, Հայաստանի իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, դուրս գալու համար ստեղծված վիճակից նվազագույն կորուստներով:





