AM
5 Նոյեմբեր 2009 - 11:11 AMT

Բաքվի ռազմատենչ հռետորությունը կարող է չհամապատասխանել ԱՄՆ-ի ծրագրերին

Վաշինգտոնի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին տեղեկությունները հարկավոր է դիտարկել այն հայտարարությունների ընդհանուր համատեքստում, որ անում են Պետդեպարտամենտի եւ վարչակազմի այլ պաշտոնյաներ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ՌԴ Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրել Արեշեւը: «Հանրահայտ է, որ նրանք ավանդաբար արտահայտվում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին նախկին ԱզԽՍՀ սահմաններում: ԼՂՀ հնարավոր ճանաչման մասին հայտարարությունների պատրաստակամությունը, ինչպես նաեւ այն հավաստիացումները, թե այդ ճանաչումը երբեք եւ ոչ մի դեպքում հնարավոր չէ, պետք է դիտարկել որպես գործիքներ, որոնք կոչված են կոնկրետ մարտավարության շրջանակներում ապահովել ԱՄՆ-ի լիակատար ազդեցությունը Հարավային Կովկասում»,-ասել է նա:

Ըստ Արեշեւի, Ադրբեջանն արդեն բավականաչափ ինտեգրված է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական արբանյակին, ակտիվացել են հայ-թուրքական բանակցությունները, եւ Բաքվի պաշտոնական ռազմատենչ հռետորությունը, որը հղի է ռազմական գործողությունների վերսկսմամբ, իրոք, կարող է չհամապատասխանել ԱՄՆ-ի ծրագրերին: «Չէ որ նոր պատերազմի դեպքում կարող են միջամտել հարեւան պետությունները` Իրանն ու ՌԴ-ն, փորձելով, ԱՄՆ-ից խլել նախաձեռնությունը Հարավային Կովկասում եւ առաջարկելով կարգավորման իրենց պայմանները: Հնարավոր է, հենց այդ պատճառով է, որ մենք նման անսպասելի արտահոսք ենթ ունենում Վաշինգտոնից: Ընդհանուր առմամբ, սակայն, դժվար է հուսալ թե հեռանկարում պաշտոնական Վաշինգտոնը կարող է ճանաչել Ստեփանակերտի անկախություն»,-ասել է ռուս փորձագետը: