Թուրքիան Ադրբեջանին կվճարի երկու տարվա ընթացքում ադրբեջանական գազի խորանարդ մետրը 120 ԱՄՆ դոլար գնով վաճառքից կուտակված դրամական տարբերությունը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի առեւտրի գծով խորհրդական Բոյուկ Թյուրքը:
Թուրքիայից ադրբեջանական գազի վաճառքից ստացված գումարի տարբերությունը ստանալու ցանկության մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Թուրքիային ադրբեջանական գազը վաճառվել էր խորանարդ մետրը 120 ԱՄՆ դոլար գնով, իսկ գազի համաշխարհային գինը երեք անգամ բարձր է: Հենց այդ տարբերությունն էլ պատրաստվում է գանձել Ադրբեջանը: Վարչապետ Էրդողանը ասել է, որ Թուրքիան կվերադարձնի Ադրբեջանին երկու տարվա ընթացքում կուտակված տարբերությունը: Մոտավոր հաշվարկներով այդ տարբերությունը կազմում է 1 մլրդ 131 մլն դոլար:
«Կվճարենք մինչեւ վերջին ղուրուշը», – հայտարարել է Թյուրքը: Միաժամանակ նա հիշեցրել է, որ Ադրբեջանը թուրքական «Էկսիմբանկին» չի վերադարձրել Ադրբեջանի կառավարության վերցրած վարկը, չնայած այդ հարցի շուրջ շարունակվող բանակցություններին:
«Թուրքիայի Ֆինանսների նախարարության պատվիրակությունը կժամանի Ադրբեջան, որպեսզի համաձայնեցնի այդ հարցը: Թուրքիայում աշխատում է 654 ադրբեջանական կազմակերպություն, որոնք փող են աշխատում Ադրբեջանի ժողովրդի համար: Ադրբեջանն աշխարհին բամբակի հումք է վաճառում, թեեւ թուրք ներդնողները կարող էին Ադրբեջանում տեքստիլ ձեռնարկություն կառուցել, որպեսզի կտորեղեն արտահանեին: Թուրք ձեռնարկատերերը կարող են այդ անել, բայց դրա համար Ադրբեջանում պետք է համապատասխան տնտեսական պայմաններ ստեղծվեն», – ասել է խորհրդականը, գրում է Նովոստի-Ազերբայջանը:





