«Որոշ դիրքորոշումների հարցում մենք չենք կարող հեռու մնալ շատ խնդիրներից, լինի դա Մերձդնեստրը, Ղրիմը թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը»,-հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա խոսքերով, նա բազմիցս է ընկերական ձեւով քննարկել այդ խնդիրն Ադրբեջանի ու Հայաստանի ինչպես նախկին, այնպես էլ ներկա նախագահների հետ: «Ես խորամուխ չեմ եղել այն խնդիրներին ու նրբություններին, որոնք չափազանց շատ են այդ խնդրում: Մենք երեբք չենք օգտագործել այդ հարցը քաղաքականության մեջ եւ երբեք ընկերություն չենք արել որեւէ մեկի դեմ, ուստի մեզ համար այդ խնդիրը ցավոտ հարց է»,-ասել է Լուկաշենկոն:
Ընդ որում Բելառուսի նախագահն ընդգծել է, որ հասկանում է, թե որքան ցավոտ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովրդի համար: «Սա «գորդյան հանգույց է», որը պետք է կտրել: Եվ կարեւորը, ինչ ես միշտ ասել եմ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին, այդ խնդիրը պետք է լուծեն երկու նախագահները: Պետք չէ հույսը դնել միջնորդների վրա»,-ասել է Բելառուսի նախագահը:
Նրա խոսքերով, չնայած նրան, որ կա ԵԱՀԿ ՄԽ-ն, Մինսկը, որպես այդ խմբի ստեղծման կենտրոն, կարող է ինչ-որ չափ աջակցել այդ խնդրին, Բելառուսը հաճույքով դա կանի: Սակայն այդ խնդիրը կարող են լուծել միայն երկու նախագահները: «Միջնորդների ներգրավումը, հավանաբար, լավ է, սակայն դա ենթադրում է պարտավորություններ, երրորդ, չորրոդ կողմերի շահերը հաշվի առնելու անհրաժեշտություն: Յուրաքանչյուրը ձգտելու է այդ հարցի շուրջ իր քաղաքականությունը վարել»,-ասել է Լուկաշենկոն` հավելելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կարող են ինքնուրույն լուծել այդ խնդիրը: Ընդ որում նա ընդգծել է, որ հարցն առաջին հերթին պետք է կարգավորվի այնտեղ բնակվող մարդկանց շահերից ելնելով, որոնք արդեն չեն կարող այս պայմաններում ապրել:
«Մենք աջակցում ենք այս գործընթացին այն առումով, որ հարցը պետո է լուծեն երկու պետությունները, երկու նախագահները, երկու ժողովրդները: Պետք է նստեն ու որոշեն: Իսկ մարդիկ միշտ շնորհակալ կլինեն»,-հայտարարել է Ա.Լուկաշենկոն, գրում է Trend News-ը:





