Թուրքիայի արտաքին քաղաքականությունը միշտ աչքի է ընկել իր կոնյուկտուրայով, այսինքն Անկարան հաճախ իր արտաքին քաղաքական կուրսը կառուցում է ոչ թե երկարաժամկետ եւ հետեւողական քաղաքականության վրա, այլ ստեղծված իրավիճակից ելնելով, հետապնդելով իր այս պահի շահերը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Հայաստանի նոր պահպանողական ազգային շարժման նախագահ Էդուարդ Աբրահամյանը:
Նա հիշեցրել է, որ Իրաք կոալիցիոն զորքերի մտնելուն պես թուրք-ամերիկայն հարաբերություններում հակասություններ առաջանալուց հետո, Անկարան սկսեց վարել Իրանի հետ մերձեցման քաղաքականություն, իսկ Էրդողանը հայտարարեց, որ Իսրայելը ահաբեկչական պետություն է: «Սակայն, հենց որ ամերիկացիները նման շանտաժի ենթարկվեցին, եւ համաձայնվեցին թուրքական զորքերի ներխուժմանը Հյուսիսային Իրաք, ամեն ինչ վերադարձավ ի շրջանս յուր` նույն Էրդողանն Իսրայել կատարծ այցի ժամանակ ստորագրեց պայմանագիր թուրքական կործանիչների արդիականացման վերաբերյալ եւ զուգահեռաբար դատապարտեց հարստացված ուրանի ստացման Իրանի փորձերը: Ելնելով դրանից, կարելի է ենթադրել, որ Անկարայի սիրաշահումները Թեհրանի ու Դամասկոսի հետ պետք է դիտարկել որպես Արեւմուտքի շանտաժի հերթական փորձ, սակայն արդեն հայ-թուրքական հարաբերություններին եւ ղարաբաղյան կարգավորման վերաբերող հարցերում»,-ասել է Աբրահամյանը: Նա ընդգծել է, որ Թուրքիայի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունը Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ժամկետի երկարացման մասին կարող է նշանակել, որ հավանաբար, Անկարան մտադիր է այնքան ձգձգել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հարցը: «Իրադարձությունների նման շրջադարձը կառաջացնի միջազգային հանրության բացասական արձագանքը, քանի որ հարվածի տակ կդնի բուն կարգավորման գործընթացը: Հաշվի առնելով Արեւմուտքի բացասական արձագանքը` Թուրքիան մերձեցման գործընթաց է նախաձեռնում Իրանի ու Սիրիայի հետ, ինչը թույլ կտա նրան հետագայում առավել արդյունավետ քաղաքական սակարկություն վարել ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ` մեղմացնելու համար նրանց դիրքորոշումը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցում: Ի դեպ, իրավիճակի նման զարգացման հնարավորությունը պետք է հաշվի առնեն նաեւ Սիրիան եւ հատկապես Իրանը»,-ասել է Աբրահամյանը:





