Նոյեմբերի 13-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել` կապված ԱՄՆ-ում կայանալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի հետ:
Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունում, նշելով, որ այստարի հեռուստամարաթոնը նվիրված է մեզ համար առանձնակի նշանակություն ունեցող Շուշի քաղաքի վերականգնմանն ու զարգացմանը, նախագահը ներկաներին կոչ է արել պատշաճ մակարդակով անցկացնել բոլոր նախապատրաստական աշխատանքները եւ պարբերաբար զեկուցել ձեռնարկված միջոցների մասին: Միաժամանակ Բակո Սահակյանը կարեւորել է մեր հանրապետության բնակչության առավել ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը:
Նախագահն ընդգծելէ, որ այս տարի մարաթոնի նախապատրաստական աշխատանքները Սփյուռքում իրականացվել են փոքր-ինչ այլ ձեւաչափով. Մոսկվայում մեր հայրենակիցների հետ ընդլայնված հանդիպմանը ներկա է եղել հանրապետության Նախագահը, Ֆրանսիա է մեկնել ԱԺ նախագահը, իսկ ԱՄՆ կմեկնի վարչապետը: Հաշվի առնելով այդ հանգամանքը, ԼՂՀ-ում նշված գործընթացի համակարգումը երկրի ղեկավարը հանձնարարել է փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանին:
Այնուհետեւ Նախագահն անդրադարձել է ջրամատակարարման եւ հեռահաղորդակցության ոլորտներում իրականացվող աշխատանքներին, ինչպես նաեւ այս տարվա բերքահավաքի արդյունքներին` գնահատելով այն հաջողված, չնայած բազմաթիվ բնական աղետներին: Նշված հարցերի շուրջ զեկուցումներով հանդես են եկել համապատասխան գերատեսչությունների ղեկավարները:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը եւ պաշտոնատար այլ անձինք:





