Նոյեմբերի 11-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԱԳՆԽ կից Աֆղանստանի գծով աշխատանքային խմբի 8-րդ նիստը, որին մասնակցել են կազմակերպության գլխավոր քարտուղար, Աֆղանստանի գծով ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային համակարգողները եւ ՀԱՊԿ-ին կից լիազոր ներկայացուցիչները:
Աֆղանստանում իրավիճակի շուրջ կարծիքների քննարկման ընթացքում, Աշխատանքային խմբի մասնակիցները նշեցին, որ իրավիճակն այդ երկրում նույնիսկ նախագահական ընտրություններից հետո շարունակում է բավականին բարդ մնալ եւ վատթարացման միտում ունի: Նիստում նշվել է, որ անհրաժեշտ է ավելացնել ՀԱՊԿ շրջանակներում հավաքական ջանքերը Աֆղանստանի տարածքից անվտանգության սպառնալիքներին հակազդելու համար:
Նիստի մասնակիցները ի գիտություն են ընդունել ՀԱՊԿ ԱԳՆԽ կից Աֆղանստանի գծով աշխատանքային խմբի 2009թ. առաջին կիսամյակի աշխատանքային պլանի կատարման մասին տեղեկատվությունը եւ քննարկել են հաջորդ տարվա առաջին կիսամյակի պլանի նախագիծը: Նպատակահարմար է համարվել ընթացիկ տարվա դեկտեմբերի կեսին գումարել աշխատանքային խմբի արտահերթ նիստ` ՀԱՊԿ անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագրի նախագիծը լրամշակելու համար, հաղորդում է ՀՀ-ում ՀԱՊԿ պաշտոնական ներկայացուցչությունը:





