«Ես շատ ուրախ եմ տեսնել ձեզ այստեղ, քանի որ սփյուռքի նախարարությունը ձեր նախարարությունն է: Մեր նախարարության ստեղծման ամենագլխավոր խնդիրներից մեկը մենք համարում ենք որակյալ մասնագետների պատրաստումը: Այդ նպատակով մենք դիմեցինք ԵՊՀ` խնդրելով ստեղծել սփյուռքագիտության ամբիոն: Եվ ես շատ ուրախ եմ, որ այսօր կարող եմ տեսնել 11 մագիստրանտների»,-ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանի եւ մագիստրանտների հետ հանդիպմանը հայտարարել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նախարարը նշել է, որ նրանց հետ մեծ հույսեր են կապվում, ուստի նա անձամբ կհետեւի նրանց առաջադիմությանը: Հրանուշ Հակոբյանն ասել է, որ «բավարարներով» գոհացող ուսանողները կզրկվեն նախարարության ֆինանսավորումից, ընդգծելով, որ հետագայում երիտասարդ մասնագետներն անգործ չեն մնա:
«Մենք պետք է գրի առնենք տարբեր տարածաշրջանների համայնքների պատմությունը, քանի որ գտնում ենք, որ Հայաստանի պատմությունը ստեղծվում է ոչ միայն հանրապետության սահմաններում, այլ նաեւ տարբեր տարածաշրջանների համայնքների մասնակցությամբ: Ուստի ես ցանկանում են ձեզ լավ ուսումնասիրել աշխարհի տարբեր տարածաշրջանների համայնքների պատմությունը, քանի որ ՌԴ-ի, Հայաստանի եւ Իրանի հայերը շատ են տարբերվում միմյանցից»,-ասել է նախարարը:
Հ.Հակոբյանը նշել է նաեւ, որ արդեն մտածում է սփյուռքագիտության մասնագիտությամբ բակալավրիատի բացման անհրաժեշտության մասին: Նա խոստացել է խոսել ԵՊՀ ռեկտորի հետ Հայաստանի եւ սփյուռքի ուսանողների միջեւ փորձի փոխանակման վերաբերյալ:





