Իրանն անտեղի է համարում ԱՄՆ միջնորդական ծառայությունները Կասպից ծովի շուրջ վեճերի կարգավորման գործում: Այդ մասին հայտնեց ԻԻՀ արտգործնախարար Մանուչեր Մոթթաքին` մեկնաբանելով Թուրքմենստանի ու Ադրբեջանի միջեւ տարաձայնությունները կարգավորելու գործում Վաշինգտոնի առաջարկած օգնությունը:
«Մենք համոզված ենք, որ մերձկասպյան պետություններն ընդունակ են ինքնուրույն որոշում կայացնելու եւ առանց կողմնակի օգնության փոխըմբռնման հասնելու: Անօրինական ենք համարում տարածաշրջանում որեւէ օտարազգի միջամտությունը: Մեզ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպիսին կարող է լինել ամերիկացիների դերը եւ ինչով կարող է ԱՄՆ-ն օգնել Թուրքմենստանին ու Ադրբեջանին»,- ընդգծեց Մոթթաքին, հաղորդում է «Հայացք» թերթը:
Նրա խոսքով, Իրանն անփոփոխ հանդես է եկել եւ շարունակում է հանդես գալ այն բանի օգտին, որպեսզի Կասպիայի շուրջ բոլոր որոշումները, այդ թվում` նրա իրավական կարգավիճակի որոշման վերաբերյալ, ընդունվեն բացառապես տարածաշրջանի հինգ երկրների կողմից եւ ոչ այլ մեկի: «Ցանկացած օտարազգի ներկայությունը տվյալ դեպքում բացարձակ անընդունելի ենք համարում»,- ասաց Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:





