Հայաստանը մշտապես կողմ է եղել երկարաժամկետ խաղաղության հաստատմանը տարածաշրջանում առանց նախապայմանների, եւ պաշտոնական Երեւանի այդ դիրքորոշումն անփոփոխ է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` ելույթ ունենալով «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը որպես կայունության եւ անվտանգության գործոն Կովկասի տարածաշրջանում» խորագրով կլոր սեղանի նիստում:
«Տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հաստատման գործում կարեւորվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Երկկողմ հարաբերությունների հաստատումը եւ սահմանի բացումը նոր իրավիճակ կստեղծեն տարածաշրջանում»,-ասել է Արթուր Բաղդասարյանը:
Նա նաեւ հավելել է, որ Կովկասի առջեւ մի շարք սպառնալիքներ ու խնդիրների են ծառացած: «ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանն ու կազմակերխպության մասնակից երկրները տարբեր ծրագրեր են իրականացնում այդ մարտահրավերները հաղթահարելու համար: Այս խորհրդաժողովը լավ հնարավարություն է առկա սպառնալիքներին դիմակայելու հայեցակարգի մշակման համար, որի համար անհրաժեշտ է հրաժարվել ստերեոտիպ մտածողությունից»,-ասել է ՀՀ ԱԱԽ քարտուղարը:





