AM
24 Նոյեմբեր 2009 - 09:34 AMT

Իտալիայի ԱԳՆ ղեկավարը Հայաստան կժամանի 2010 թվականի առաջին կեսին

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը իր պաշտոնակից Ֆրանկո Ֆրատինիի հետ հանդիպմանը քննարկել են Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման հնարավորությունը` նշելով, որ այն կնպաստի
հասարակությունների միջեւ շփումների ակտիվացմանը:

Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ առեւտրատնտեսական համագործակցության ընդյանման համար առկա է համապատասխան իրավապայմանագրային դաշտ եւ տնտեսական կապերի աշխուժացման միտում` 2009 թ. զգալիորեն աճել են իտալական ներդրումները Հայաստանում:

Քննարկվեց երկու երկրների տնտեսական ոլորտի պատասխանատուների փոխայցելությունների, ապակենտրոնացված համագործակցության հաստատման, հայ-իտալական գործարար համաժողովների կազմակերպման հնարավորությունը: Նախարարները համակարծիք էին, որ երկու երկրների միջեւ ուղիղ չվերթների առկայությունը նոր լիցք կհաղորդի տուրիզմի եւ փոխգործակցության մյուս բնագավառների զարգացմանը:

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանկո Ֆրատինին բարձր գնահատեցին Հայաստանի եւ Իտալիայի միջեւ մշակութային, կրթական, գիտական եւ տեխնիկական բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում հաստատված համագործակցությունը, մշակութային եւ կրթական փոխանակումները`ընդգծելով, որ այն նոր հնարավորություններ է ստեղծում հումանիտար ոլորտում փոխգործակցության առավել խորացման համար:

Իր իտալացի գործընկերոջ խնդրանքով Էդվարդ Նալաբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, նախօրեին Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների հանդիպման արդյունքները:

Շնորհակալությամբ ընդունելով ընդունելով Երեւան այցելելու Հայաստանի արտգործնախարարի հրավերը, Իտակիայի ԱԳՆ ղեկավարն վստահեցրեց, որ Հայաստան կայցելի 2010 թ. առաջին կեսին:

Հանդիպումից առաջ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության եւ Իտալական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ բարձր մակարդակի քաղաքական խորհրդատվությունների վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալական Հանրապետության կառավարության միջեւ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը», հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: