Այսօր ՆԱՏՕ-ն ու ՀԱՊԿ-ն պետք է համագործակցեն: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «ՀԱՊԿ ու ՆԱՏՕ անդամ պետությունների առջեւ այսօր միատեսակ խնդիրներ են ծառացած` ահաբեկչություն, ծայրահեղականություն, այս կամ այն տարածաշրջանում իրադրությունն ապակայունացնելու փորձեր, թմրանյութերի, անօրինական գաղթի խնդիրներ, միջուկային նյութերի տարածում, եւ որքան արագ մենք սկսենք համատեղել մեր ջանքերն ու աշխատանքն այդ ուղղություններով, այնքան արդյունավետ կլինի անվտանգության ապահովման շուրջ ողջ գործունեությունը»,- ասաց ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը:
Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ) զորավարժությունների մասին` Նիկոլայ Բորդյուժան հայտնեց, որ 2010թ. ծրագրվում է Ռուսաստանում անցկացնել ՕԱՀՈՒ մարտական բազկացուցչի զորավարժությունները: «Հաջորդ տարի զորավարժություններ են ենթադրվում կոնկրետ ըստ գերատեսչությունների, ինչպես նաեւ զորավարժությունների անցկացում անվտանգության մարմինների ենթաբաժանմունքների, ԱԻՆ եւ ՆԳՆ ենթաբաժանմունքների հակաահաբեկչական գծով»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը` ավելացնելով, որ եւս մեկ տարի անց բոլոր այդ բաղկացուցիչների մասնակցությամբ համալիր զորավարժություն է ծրագրվում:





