Լոռու շրջանի եւ Հյուսիսային Լոռու մի խումբ քաղաքական եւ հասարակական կազմակերպություններ բաց նամակ են ուղարկել Հայաստանի եւ Վրաստանի իշխանություններին` հետեւյալ պահանջներով. դադարեցնել Հյուսիսային եւ Հարավային Լոռիների միջեւ անօրինական սահմանագծման աշխատանքները, եւ հայ-վրացական սահմանը ճանաչել` հիմք ընդունելով Փարիզի վեհաժողովում ընդունված իրավական կետերը:
Կազմակերպությունների ներկայացուցիչները պահանջում են նաեւ դադարեցնել սահմանային խստացումները եւ ճանաչել Հյուսիսային Լոռու սահմանները` սահմանամերձ գյուղերի ողջ երկայնքով: Համաձայն նրանց խոսքերի, հենց սահմանային խստացումներն են շրջանի ազգաբնակչության սոցիալ-տնտեսական ծանր վիճակի պատճառը: Կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստանի եւ Վրաստանի իշխանություններից պահանջում են հատկապես ուշադրությունը սեւեռել Հյուսիսային Լոռիում հայ ազգաբնակչության նկատմամբ մարդու իրավունքների խախտումներին:





