AM
1 Դեկտեմբեր 2009 - 07:25 AMT

Լիսաբոնի պայմանագիրն ուժի մեջ մտավ

Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում Լիսաբոնի պայմանագիրը` ԵՄ նոր հիմնարար փաստաթուղթը, որ վավերացվել է բոլոր 27 անդամների կողմից: Փաստաթուղթն ուղղված է Եվրամիության շրջանակներում որոշումների կայացման պարզեցմանը եւ նրա դերի հզորացմանը համաշխարհային հանրության շրջանում:

Պայմանագիրն երկու նոր պաշտոն է սահմանել` Եվրոպական խորհրդի նախագահի եւ եվրոպական արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի պաշտոնը: Փաստաթղթի ուժի մեջ մտնելուն նվիրված պաշտոնական միջոցառումները տեղի կունենան երեքշաբթի օրը` Պորտուգալիայի մայրաքաղաքում, այնտեղ ելույթ կունենան ԵՄ երկրների առաջնորդները:

Եվրոպական Խորհրդի առաջին նախագահ դարձավ Բելգիայի վարչապետ Հերման վան Ռոմպեյը, դիվանագիտական գերատեսչության ղեկավար` նախկինում ԵՄ առեւտրի հարցերով հանձնաժողովը գլխավորող բրիտանուհի Քեթրին Էշտոնը: Նա կփոխարինի Խավիեր Սոլանային, որն երեքշաբթի լքում է իր պաշտոնը 10 տարվա պաշտոնավարությունից հետո: Որպես միջազգային գործերով գերագույն ներկայացուցիչ բարոնուհի Էշտոնը ավելի լայն լիազորություններ կունենա եւ դիվանագիտական ծառայության ավելի լայն շտատ, հաղորդում է BBC-ին:

Լիսաբոնի պայմանագրի առանցքային նորարարություններից է անդամ պետությունների վետոյի իրավունքի վերացումը միանգամից մի քանի ոլորտներում, այդ թվում կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում, էներգետիկ անվտանգության եւ շտապ օգնության հարցերում: Բացարձակ միասնությունը նախկինի պես անհրաժեշտ կլինի հարկադրման, միջազգային քաղաքականության, պաշտպանության եւ սոցիալական պաշտպանության հարցերում որոշումներ կայացնելու համար: