AM
9 Դեկտեմբեր 2009 - 14:12 AMT

Ռուսաստանը շարունակելու է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

«Ռուսաստանը ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ մտադիր է նպաստել դրան նաեւ հետագայում», հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

«Ընդհանուր առմամբ մենք դրականորեն ենք վերաբերվում այն բանին, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ էականորեն ջերմացել են հարաբերությունները, որ այն հիմնախնդիրները, որոնք 20-րդ դարում գոյություն ունեին, այս երկու երկրները փորձում են հաղթահարել` ցուցաբերելով ե’ւ փոխադարձ զսպվածություն, ե’ւ փնտրում են փոխզիջման ուղիներ: Այդ պատճառով մենք, ընդհանուր առմամբ, ողջունում ենք հարաբերությունների կարգավորման գործընթացը», – ասել է նախագահը` ՌԻԱ նովոստի գործակալության չորեքշաբթի օրը կազմակերպած եվրոպական եւ ասիական մեդիա ֆորումում պատասխանելով լրագրողների հարցերին:

Նա ընդգծել է, որ այս հարցում գլխավորը այլ պետությունների այն ըմբռնումն է, որ հարաբերությունների վերականգնումը ուղղված չէ որեւէ մեկի դեմ:

«Եթե այս հաղորդագրությունը ճիշտ ձեւակերպվի եւ տարածվի, ապա լարվածություն չի լինի այն երկրների մոտ, որոնք ուշադրությամբ հետեւում են այս գործընթացներին», – ավելացրել է Ռուսաստանի ղեկավարը, հաղորդում է ՌԻԱ նովոստին: