AM
10 Դեկտեմբեր 2009 - 09:15 AMT

Ղարաբաղը նշում է Պետական անկախության հանրաքվեի օրը

Դեկտեմբերի 10-ն Ղարաբաղում նշում են ԼՂՀ-ի Պետական անկախության հանրաքվեի եւ Սահմանադրության օրը: Այդ կապակցությամբ ԼՂՀ-ի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձով դիմել է ժողովրդին`

«Թանկագին հայրենակիցներ

Արցախի նորագույն պատմության մեջ դեկտեմբերի 10-ը երկու անգամ եղավ շրջադարձային: 1991 թվականին այս օրը արցախահայությունն արտահայտեց իր հավաքական կամքը եւ հաստատեց անկախ պետականություն կերտելու վճռականությունը: Իսկ 2006 թվականին նույն օրը կրկին համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունվեց մեր երկրի մայր օրենքը` ԼՂՀ Սահմանադրությունը, ինչն իր անկախությունն ու ազատությունը պաշտպանած, ժողովրդավարության ուղու վրա ամուր կանգնած մեր պետության հերթական մեծ հաղթանակն էր:

Դեկտեմբերի 10-ը նշվում է նաեւ որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր: Այս փաստը ինքնին խորհրդանշական է, քանի որ Արցախյան շարժումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծնունդը եւ գոյությունը հանդիսանում են մարդու իրավունքների բաղկացուցիչ մաս, ազգերի հավասարության եւ ինքնորոշման իրավունքի համամարդկային հիմնարար սկզբունքների արտացոլում:

Արցախի ժողովուրդը եւ իշխանությունները հավատարիմ են այն սկզբունքներին, որոնք մեզ է պատգամել դեկտեմբերի 10-ի երկտոնը: Հզոր, անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական եւ իրավական պետությունը այն բացառիկ արժեքն է, որը մեզ համար այլընտրանք չունի:
Այս կարեւորագույն տոնի առթիվ շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք», – ասվում է ուղերձում: