AM
14 Դեկտեմբեր 2009 - 12:01 AMT

Բաքվի հետ բանակցություններում Երեւանի դեմարշի պահը հասունացել է

Եթե Բաքուն շարունակի Հայաստանի հետ խոսել սպառնալիքների լեզվով, ապա Երեւանը կարող է դեմարշի գնալ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային գործընթացում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Եվրոպական ինտեգրացում» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը:

«Հաշվի առնելով Մյունխենում կայանալիք հանդիպման նախաշեմին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները` ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ այդ հանդիպումը կարող է ձախողվել, եւ հայկական կողմը դեմարշի կգնա: Սակայն Երեւանն այդպես չվարվեց ու հարցը դիվանագիտական ճանապարհով լուծեց, ինչի մասին վկայում է Ղարաբաղի վերաբերյալ Աթենքում ընդունված հայտարարությունը, որը բացառում է ուժը եւ ուժի կիրառման սպառնալիքը` որպես ղարաբաղյան հակամարտության լուծման միջոց»,- ասաց Կարեն Բեքարյանը:

Նրա խոսքով, Երեւանի դեմարշի համար պահը հասունացել է: «Որքան հաճախ է Բաքուն հայտարարում ուժ կիրառելու իր պատրաստակամության մասին, այնքան շատ են կողմերը հեռանում ղարաբաղյան հակամարտության կարգավորումից»,- ընդգծեց փորձագետը: