AM
14 Դեկտեմբեր 2009 - 14:35 AMT

Ղարաբաղյան հարցում որպես միջնորդ հանդես գալու հայտարարությամբ Իրանը ցանկացավ իր մասին հիշեցնել

Իրանը միշտ հայտարարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդ լինելու իր պատրաստակամության մասին, եւ Իրանի ԱԳ նախարարի հայտարարությունը նորություն չէ: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է «Նորավանք» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ, իրանագետ Սեւակ Սարուխանյանը:

«Իրանն առաջին երկիրն էր, որ հանդես եկավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որպես միջնորդ: Հիմա Թեհրանը հայտարարելով, որ պատրաստ է միջնորդ լինել, ուզում է վերականգնել իր դերը տարածաշրջանում եւ ցույց տալ, որ շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում», – ասաց Սեւակ Սարուխանյանը: Նրա խոսքերի համաձայն, ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության կարգավորման լավագույն ձեւաչափն է եւ այս պայմաններում Թեհրանը հազիվ թե կարողանա միջնորդ լինել Երեւանի եւ Բաքվի միջեւ:

«Նմանատիպ հայտարարություն արվել է, առաջին հերթին, որպեսզի բոլորին հիշեցվի Իրանի եւ տարածաշրջանում նրա դերի մասին», – ասաց իրանագետը:

Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքին իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպելուց հետո հայտարարել է, որ Իրանը պատրաստ է միջնորդ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: